Գազի սակագին 2006

2006թ.  ապրիլի  10-ից  գործելու  է  գազի  նոր սակագինը, մանրամասներ...

ՀՊՄ-ն  եւ  գազի  սակագինը

 

Վերջին ժամանակներս հասարակությանը մտահոգող կարևորագույն հարցերից մեկը գազի սակագնի թանկացումն է: Բնական գազի սակագնի աճն արդեն մի քանի ամիս սպասվող երևույթ էր, որի հիմքում ընկած էր Ռուսաստանից մատակարարվող բնական գազի գնի բարձրացումը: Համաձայն ՀԾԿՀ-ի (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով) որոշման 2006թ. ապրիլի 10-ից բնակչությունը 1խմ բնական գազի դիմաց վճարելու է 90դրամ, իսկ արդյունաբերական սպառողները նույն ծավալի համար կվճարեն 61.5 դրամ: Հարկ է նշել, որ բոլոր քաղաքակիրթ երկրներում նման որոշումները ընդունվում են բավականին երկար վերլուծություններից հետո և հասարակության իրազեկության պայմաններում: Մեր երկրում պատկերը քիչ այլ է…

Նախ, ՙՀայռուսգազարդ՚-ը, որը հանդիսանում է ՀՀ-ում գազ մատակարարող միակ կազմակերպությունը, արդեն դեկտեմբերի 28-ին ստորագրել էր մի պայմանագիր, համաձայն որի ներևմուծվող գազի գինը բարձրանալու էր մոտ 2 անգամ, սակայն այս կազմակերպությունը ոչ միայն հոգ չտարավ հասարակությանը տեղեկացնել, այլև այդ պայմանագրի մասին ՀԾԿՀ-ին տեղյակ պահեց միայն սույն թվականի մարտի 3-ին : Վերջինս էլ, իր հերթին, նոր սակագնի վերանայման համար ունենալով բավական ժամանակ (90 օր), չօգտվեց դրանից  և մի քանի օրվա ընթացքում որոշում ընդունեց նոր սակագնի վերաբերյալ: Նման կարևեր խնդրի վերաբերյալ որոշում կայացնելու համար սա չափազանց կարճ ժամանակ է: Այսինքն, ՀԾԿՀ-ն, հնարավորություն ունենալով առանց շտապելու թափանցիկ և հասարակության համար բաց ու արդար որոշում կայացնել, չի օգտագործում այն, ինչը բացատրում է Ռուսաստանից ներմուծվող գազի գնի բարձրացմամբ և ՙՀայռուսգազարդ՚-ի կողմից շահագործման ծախսերի մեծացմամբ: Արդյունքում նորից տուժում է հասարակությունը: Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում բնակչության կենսամակարդակը բավականին ցածր է, իսկ նոր սակագինը, որը չի կարող անհետևանք մնալ այլ ապրանքների և ծառայությունների գների վրա, էլ ավելի կվատթարացնի բնակչության վիճակը, քանի որ միջին հաշվարկներով յուրաքանչյուր ընտանիք այսուհետ ստիպված կլինի իր ամսական ծախսերն ավելացնել լրացուցիչ 20.000 դրամով:

Այժմ ՀՀ-ում գործում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնցից հատկանշական է ՀՊՄ-ի (Հասարակական պաշտպանների միություն) ծավալած գործունեությունը սպառողների պաշտպամնման և իրազեկման հարցում:  Վերջինս մարտի 3-ին  նամակով դիմել է ՀԾԿՀ` ստանալու բնական գազի սակագնի հայտի վեաբերյալ տեղեկատնվություն և առաջարկել է հետաձգել մարտի 10-ի նիստը հայտին ծանոթանալու և սպառողների շահերը պաշտպանելու նպատակով մանրամասն վերլեւծություններ կատարելու բավարար ժամանակ ունենալու համար, բայց ՀԾԿՀ-ն մերժել է առաջարկը: Պազվում է, սակագնի բարձացման հայտ չէր ներկայացվի, եթե չլիներ ռուսական կողմից գազի գնի բարձացում: Այստեղից հետևում է, որ շահագործման ծախսերի ավելացման հետ կապված բնական գազի սակագնի բարձրացում ծրագրավորված չի եղել: Այդ դեպքում շահագործման ծախսերի ավելացման հետ կապված սակագնի բարձրացումը ոչ մի տրամաբանական բացատրություն և հիմնավարում չի կարող ունենալ: Առավել ևս հիմնավորված չէ շահագործման մասով սակագնի բարձրացման նման հապճեպությունը:Դեռ ավելին,համաձայն ՀՊՄ-ի նախնական հաշվարկների գազի սակագինը կարող էր սահմանվել ոչ թե 90, այլ 83 դրամ:

Համենայն դեպս նոր սակագինն արդեն սահմանված է, անշեղորեն գործելու է ապրիլի 10-ից և առաջիկա 6 ամիսների ընթացքում փոփոխման ենթակա չէ: Սակայն ՀՊՄ-ն նախատեսել է ժամկետը լրանալուց հետո հայտ ներկայացնել նոր սակագնի ձևավորման վերաբերյալ: Իսկ մինչ այդ բնակչությունը ստիպված է համակերպվել նոր սակագնին:

 

 

01.04.2006թ.