Հոսանքի թանկացում

Երբ  պետությունը  խաբում  է  իր  քաղաքացուն,  սա  արդեն  վերջն  է...

 

2013թ. թանկացել է հոսանքի գինը մոտ 27 տոկոսով: Այդ ժամանակ պետությունը ոչինչ չբացատրեց իր քաղաքացուն, եղավ միայն աբսուրդ հիմնավորում, թե թանկանում է գազը: Հիմա պարզվում է,

որ գազն էլ չէր թանկանում, իսկ այդ գազի կարծեցյալ թանկացումն էլ հոսանքի գնի մեջ շատ քիչ ազդեցություն կարող էր ունենալ: Այլ հիմնավորում չկար և հոսանքը թանկացավ 27 տոկոս: Այդ ժամանակ անգամ թվեր ցույց չտվեցին, չնայած այդ չոր թվերը ոչինչ չեն նշանակում: Հիշեք բոլորդ՝   այդ թանկացումն արել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ ՀԾԿՀ-ն, սեփական նախաձեռնությամբ:

Մի քիչ այս սեփական նախաձեռնության մասին:

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 5-րդ կետը սահմանում է, որ հոսանքի սակագինը կարող է վերանայվել ինչպես ընկերության կողմից ներկայացված հայտի և հաշվարկ հիմնավորումների հիման վրա, այնպես էլ հանձնաժողովի նախաձեռնությամբ: Իսկ նույն հոդվածի 6-րդ կետը սահմանում է, որ ՛՛Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կարող է վերանայել գործող սակագինը և սահմանել նոր սակագին` իր կողմից հաստատված ընթացակարգի համաձայն` ելնելով լիցենզավորված անձի տնտեսական գործունեության արդյունքներից, ներդրումային ծրագրերի և սպառողներին մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ ներկայացված պահանջների կատարումից՛՛:  Տեսեք, այս ՀԾԿՀ-ն պետք է ելնի սպառողին մատուցված ծառայությունների որակի պահանջների կատարումից: Բայց այս ՀԾԿՀ-ն անգամ չի էլ ասում ծառայության որակ կա թե ոչ և որն է այդ որակը, իսկ եթե չկա, ապա որն է պատճառը:

Պատճառը չգիտենք, բայց խնդիրը երևի փող հավաքելն է...

Վերը գրված օրենքի հոդվածի տրամաբանական վերլուծությունը հանգեցնում է մի եզրակացության, որ օրենսդիրը գնահատելով իրավիճակը, տրամաբանելով, որ ծառայություններ մատուցող ընկերությունները մասնավոր և շահույթ հետապնդող ընկերություններ են և դժվար թե սակագնի նվազեցման ուղղությամբ հայտեր ներկայացնեն, օրենքով ՀԾԿՀ-ին տվել է հնարավորություն այդ նախաձեռնությունն իրականացնելու: Իսկ այդ ամենափրկիչ   ՀԾԿՀ-ն էլ իրականացնում է օրենսդիրի տված այդ նախաձեռնությունը՝ ՛՛ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը սկզբունքով՛՛:

Ուշադիր եղեք, այժմ ՀԾԿՀ-ն ևս մեկ անգամ, իր նախաձեռնությամբ, արդեն 10-11 տոկոսով բարձրացնում է հոսանքի սակագինը: Իր նախաձեռնությամբ...

Այս անգամ ՀԾԿՀ-ն հանրությանն է ներկայացրել ինչ որ դատարկ, ոչինչ չասող թվեր:

Հետաքրքիր է, այս դատարկ թվերն որ իրենց ներկայացվեր ինչ կանեին:

Հետաքրքիր է, այս ՀԾԿՀ-ն տեղյակ է, որ ինքը սակագին հաշվող չէ, ինքը կարգավորվող սակագին սահմանող է: Թե այս տարբերությունն էլ չի հասկանում:

Հետաքրքիր է, այս ՀԾԿՀ-ն տեղյակ է, թե հանրությունը՝ սպառողն, ինչ է մտածում իր մասին: Թե ինքը միայն փութաջանորեն պաշտպանում է վերը գրված սկզբունքը:

Դե հասկացեք, թե ինչու է թանկանում հոսանքը...

ՀԾԿՀ-ն պետական կառույց է:

Երբ պետությունն է խաբում իր քաղաքացուն, սա արդեն վերջն է...

Հարցում

Հայաստանի Հանրապետությունում իրականացվու՞մ է հանրային ծառայությունների կարգավորում